Նոյեմբերի 21-30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից արձանագրվել է 590 մլն 667.6 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Այս մասին նշված է ֆիննախի ներկայացրած հաշվետվությունում:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում .

«Ֆինանսների նախարարությունը նոյեմբերի երրորդ տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների եւ գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման եւ մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները։

Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 18 ստուգումների արդյունքում արձանագրվել է 590 մլն 667.6 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ԱՐՍՈՒԳՐԻԳ » ՍՊԸ` 275.9 մլն դրամ, «ՄՎ ՔԵՄԻՔԼ ԳՐՈՒՊ» ՀՁ` 129.3 մլն դրամ, «ԷԼԻՏ ՇԱՆԹ » ՍՊԸ` 85.4 մլն դրամ, «ՆՆԱ» ՍՊԸ` 27.5 մլն դրամ, «ՎԱՅՆ ՔՈՄԵՐՍ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ՝ 10.1 մլն դրամ, եւ այլն:

Համապատասխան ցանկերում ընդգրկված հարկ վճարողների մոտ շրջանառությունների, գների եւ ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 13 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 18-ի մոտ՝ հսկիչ գնումներ, 16-ի մոտ` ՀԴՄ շահագործման կանոնների ճշտության ստուգումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու` 12 ստուգումներ:

Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաեւ օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, նոյեմբերի երրորդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 10 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 15 ստուգում, իսկ 77 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Իրականացված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների արդյունքում արձանագրվել է լրացուցիչ 698 մլն 594.3 հազար դրամի հարկային պարտավորություն:

Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր եւ թիրախային 100 ներմուծող եւ արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 43 հազար 662 հատով կամ 40.5%-ով, իսկ դրանցում արտացոլված շրջանառության գումարը աճել է 894.7 մլն դրամով կամ 17.7%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 19 հազար 164 հատով կամ 23%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարն աճել է 1 մլրդ 131.8 մլն դրամով կամ 23.5 %-ով:

ՀՀ ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ իրականացվող դիտարկմամբ պարզել է, որ նոյեմբերի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3569 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:

Ստորեւ ներկայացվում է հաշվետու 10-օրյակի ընթացքում 10.0 մլն. դրամից ավել ընդհանուր արժեքով էլեկտրոնային հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկը:

Ցանկերում ընդգրկված հարկ վճարողների կողմից նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի եւ տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 90 հարկ վճարողի մոտ առաջացել է 81.1 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, ինչպես նաեւ լրացուցիչ հայտարարագրվել է 48 աշխատող:

Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի երրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների եւ հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 1 մլրդ 362 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: