Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի պատվիրակությունը, Խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի գլխավորությամբ, նոյեմբերի 27-28-ին գտնվել է Կիեւում` մասնակցելու Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման 8-րդ ամենամյա տարածաշրջանային համաժողովին: Համաժողովը կազմակերպվել է ԵՄ «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության «Ժողովրդավարություն, լավ կառավարում եւ կայունություն» պլատֆորմի շրջանակներում: Այն ուղղված էր ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի մաս կազմող երկրների` Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Մոլոդովայի` պետական ծառայության ոլորտի կառավարման մարմինների միջեւ կապերի հաստատմանը եւ հնարավորություն էր տալիս ինտեգրացիայի շրջանակում փոխանակվել եվրոպական պետական ծառայության արդիականացման եւ ինստիտուտցիոնալ բարեփոխումների լավագույն փորձով եւ պրակտիկայով: 

Համաժողովին մասնակցում էին ԱրԳ ծրագրի անդամ երկրների պետական մարմինների պատվիրակությունները, ներկայացուցիչներ Եվրոպական հանձնաժողովից, SIGMA, CEL եւ TWINING ծրագրերից, միջազգային փորձագետներ եւ գիտնականներ: Միջոցառման շրջանակներում քննարկվել են եվրոպական հարեւանության քաղաքականության մաս կազմող երկրներում Twining եւ TAIEX ծրագրերի ինստիտուցիոնալ զարգացման գործիքների ներդրման հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ այդ ոլորտում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության հեռանկարները:

ԱրԳ երկրներում քաղաքացիական ծառայության արդիականացման թեմատիկայի շրջանակում, SIGMA ծրագրի փորձի հիման վրա, քննարկվել են նաեւ  ԵՄ չափանիշները, առանձին երկրներում կառավարման բարեփոխումների առաջնահերթությունների, բարելավման ուղիների հետ կապված հիմնահարցերն ու առանձնահատկությունները:  Հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումների հիմնական թիրախները եւ ուղղությունները` որպես հիմնանպատակ շեշտելով համակարգը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու հեռանկարը: