Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումն ուղղակիորեն կախված է արտարժույթի փոխարժեքի տատանման, իսկ անուղղակիորեն՝ Եվրասիական տնտեսական միության հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Տնտեսագետի խոսքով՝ չի բացառվում, որ ներկրողները ապրանքները թանկացրել են, քանի որ շատ արտարժույթ են օգտագործել, մեծ քանակությամբ ապրանք են ներկրել Հայաստան՝ հաշվի առնելով, որ ԵՏՄ մտնելուց հետո մաքսատուրքերը կբարձրանան:
«Կենտրոնական բանկը պարտավոր է հիմնավոր ձեւով ներկայացնել, թե շուկայում ինչ է կատարվում, մասնավորապես տարադրամի տատանման եւ գների բարձրացման: Կարծում եմ, որ ներկրողները, բարձրացնելով ապրանքների գները, իրենց ամրագրում են վնասներից»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Մասնագետը համոզված է, որ ապրանքները նորից չեն էժանանա, քանի որ մեզ մոտ շուկան մենաշնորհային է, ոչ մրցակցային եւ իշխանության կողմից հովանավորվող:
Նշենք, որ վերջին օրերին Հայաստանում թանկացել են ձավարեղենը, կաթնամթերքը, ընկույզը, միսը եւ այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ:




























