ԵՊՀ-ի եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի իրավաբանական կարգավիճակը փոխելու արդյունքում այդ երկու բուհերի աշխատակիցներին պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգից դուրս թողնելը խտրական վերաբերմունք է մյուս բուհերի նկատմամբ։ Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում ասաց Սլավոնական համալսարանի դասախոս Սուրեն Եյրեմջյանը։

«Չեմ կարծում, որ ԵՊՀ-ի եւ բժշկականի կարգավիճակի իրավաբանական փոփոխությունը՝ այսինքն անցումը պետական ոչ առեւտրային կազմակերպությունից (ՊՈԱԿ)՝ հիմնադրամի, արվել է կուտակային խնդիրը լուծելու համար։ Նման խոսակցություն շուտվանից կար եւ կարծում եմ՝ սա ուղղակի համընկել է, իսկ եթե իրոք կուտակայինի պատճառով է արվել, ապա դա շատ վատ է, ուղղակի խտրականություն է դրվում բուհերի միջեւ. անհասկանալի, անընդունելի լուծում է»,- ասաց Սուրեն Եյրեմջյանը։

Սլավոնական համալսարանի դասախոսի կարծիքով՝ բուհերի երիտասարդ դասախոսները այնքան էլ համախբված չեն իրենց իրավունքները պաշտպանելու հարցում, եւ դա ցույց տվեց  «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության նոյեմբերի 12-ի ակցիան Ֆինանսների նախարարության մոտ, որին շատ փոքր թվով երիտասարդ դասախոսներ էին մասնակցում։

Սուրեն Եյրեմջյանը նշեց, որ առաջիկայում կուտակային կենսաթոշակի դեմ բողոքի նոր ակցիաներ դեռեւս չեն պլանավորվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, կառավարության որոշմամբ Երեւանի երկու խոշոր բուհերի (ԵՊՀ եւ Բժշկական համալսարան) կարգավիճակը փոխվել է հիմնադրամի, ինչի արդյունքում դրանք կազատվեն պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարներից։

Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում գործում է 2014-ի հունվարի 1-ից միայն պետական ծառայողների համար: Մասնավոր սեկտորում այն կամավոր է, սակայն պարտադիր կդառնա 2017-ի հունվարի 1-ից: