Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է այսօր կեսօրին տեղի ունեցած սպանությունը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե 2014թ. դեկտեմբերի 01-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Դ.Անհաղթ փողոցի 6 շենքի 16/3 բնակարանում հայտնաբերվել է քաղաքացի Գ.Պողոսյանի դին:

Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորյալ սպանության հատկանիշներով` ՀՀ քրեական օպրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված բնակարանում Գ.Պողոսյանը ալկոհոլ է օգտագործել քաղաքացի Յավրումյանի հետ, առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է նրա կրծքավանդակին: Ստացած վնասվածքի հետեւանքով Գ.Պողոսյանը մահացել է:

Սպանության կասկածանքով Յավրումյանը ձերբակալվել է: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: