Արեւմուտքի երկրների եւ ԱՄՆ ջանքերն ուղղված Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը՝ փակուղուց դուրս գալու փորձեր են, որում նրանք հայտնվել են: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Նրա խոսքով, սակայն, պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդում Իրանի վրա: Իրանը շարունակելու է պաշտպանել իր պետության արժանապատվությունն ու ինքնությունը սպառնալիքներից:

Իրանի նախագահի համոզմամբ, արեւմտյան երկրները հասկանում են, որ Իրանի ջանքերի ակտիվացումը կբերի նրան, որ հեգեմոն պետությունների համար  աշխարհում տեղ չի մնա: IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի նախագահը հայտարարել է, որ  «Արեւմուտքը եւ Միացյալ Նահանգները Իրանի միջուկային ձեռքբերումներն օգտագործում են որպես պատճառ, թաքցնելու համար իրենց վրդովմունքն այն փաստի վերաբերյալ, որ  աշխարհում մեծանում է իրանական մշակույթի եւ քաղաքակրթության ազդեցությունը»: