Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին դատախազի որոշումը կբողոքարկեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ Շենգավիթի քննչականի պետի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Նա նշեց, որ առաջիկայում դրա վերաբերյալ բողոք կներկայացնեն վերադաս դատախազին: Փաստաբանը հիմնավոր վերլուծել է, որ դատախազը իրավունք չունի չերկարացնել քրեական գործի նախաքննության ժամկետները: «Քանի որ անգամ եթե քննիչի մեղքով կամ նրանից անկախ պատճառներով նախաքննության ժամկետը երկարացնելու մասին որոշումը դատախազին ներկայացվում է եռօրյա ժամկետից ուշ, անգամ եթե դա պատճառաբանված չէ, դատախազը պարտավոր է երկարացնել գոնե այն ողջամիտ ժամկետով, որն անհրաժեշտ է գործի ընթացքը  շարունակելու համար, հակառակ պարագայում գործի քննությունը հայտնվում է փակուղում, հնարավոր չի լինում պարզել գործով հանցագործոթյուն կատարած անձի մեղավորությունը կամ բացահայտել հանցանք կատարածին,  արդարադատության իրականացնումը դրվում է վտանգի տակ»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ  քրեական գործերի նախաքննության ժամկետները երկարացնելու մասին որոշումները դատախազներին օրենքով սահմանված եռօրյա ժամկետից ուշ ներկայացնելու պատճառով նախաքննության ժամկետները վերջիններիս կողմից չեն երկարացվում և այդ դեպքերի կապակցությամբ Շենգավիթի քննչականի պետի եւ քննիչի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որի քննությունը իրականցնում էր Հատուկ քննչական ծառայությունը: Այնուհետեւ ՀՔԾ-ն կարճել է քրեական գործը եւ դադարեցրել քրեական հետապնդումը, իսկ դատախազությոնը վերացրել է այդ որոշումը: