Սահմանադրական նորմերի հանդեպ հարգանքը կա, սակայն դրանք առօրյայում կաղում են եւ հաճախ պատշաճ մակարդակով չեն կիրառվում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, սահմանադրական նորմերը մեզանում առավել հաճախ չեն կիրառվում, քանի որ Հայաստանը երիտասարդ ժողովրդավար երկիր է։
«Սակայն ես այն հոռետեսների թվին չեմ պատկանում, ովքեր ասում են, որ Սահմանադրությունը Հայաստանում ընդհանրապես չի հարգվում։ Կարծում եմ՝ այդ թերությունը ժամանակի խնդիր է, սակայն Սահմանադրության կայացման գործում յուրաքանչյուրս՝ լինի դա հասարակ քաղաքացի, իշխանավոր կամ ընդդիմություն, անելիք ունի»,- համոզմունք հայտնեց Շարմազանովը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում Սահմանադրությանն առավել մեծ տեղ կտան գալիք՝ անկախության սերունդները։
Ամփոփելով՝ ՀՀԿ մամուլի քարտուղարը նկատեց, որ Սահմանդրության ոչ պատշաճ կիրառման համար ոչ ոք մյուսին չպետք է մեղադրի, այլ պետք է սկսի հենց իրենից։ «Առաջին հերթին յուրաքանչյուրս պիտի սիրի իր երկիրը, գիտակցի, որ պետք է ապրի սահմանադրական նորմերով եւ հարգի օրենքը»,- ավարտեց Շարմազանովը։
Նշենք, որ Հայաստանում այսօր՝ հուլիսի 5-ին, նշվում է ՀՀ Սահմանադրության օրը։ Հանրապետության հիմնական օրենքը հանրաքվեի միջոցով ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին: Տասը տարի անց` 2005 թ. նոյեմբերի 27-ին, երկրում կրկին անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները հավանության արժանացրեցին գլխավոր փաստաթղթում առկա փոփոխությունները:




























