Էթիկայի հանձնաժողովը մերժել է վարույթ ընդունել Ազգային ժողովի «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էթիկայի հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հիմք ընդունելով Ազգային ժողովի կանոկարգ օրենքի 24.2 հոդվածի 1-ին մասը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանձնաժողովը իրավասու չէ քննարկել ԱԺ-ի հանձնաժողովների որոշումների համապատասխանության հարցը օրենքներին եւ այլ իրավական ակտերին՝ էթիկայի հանձնաժողովը իրավասու չէ քննարկել կոլեգիալ մարմնի լիազորությունների հարցը:

Էթիկայի հանձնաժողովում բողոքարկման հնարավորություն ընձեռված չէ:

Հիշեցնենք, որ պատգամավորը դիմում է ներկայացրել ՀՀԿ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի դեմ: Բանն այն է, որ  հանձնաժողովի Ստեփանակերտում կայացած արտագնա նիստի ժամանակ Արտակ Զաքարյանը մինչեւ օրակարգի հաստատումը քվեարկության էր դրել դռնփակ նիստ անցկացնելու հարցը: Սա, ըստ «Ժառանգության» պատգամավորի, էթիկայի խախտում է: Զարուհի Փոստանջյանի դիմումը հետ էր վերադարձվել շտկումներ անելու համար, փաստորեն այդ հարցերը կարգավորելուց հետո նա նորից դիմում է ներկայացրել: