Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ավտոմեքենայի պետհամարանիշը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել եւ հիմնավորվել է, որ Երեւանի բնակիչ Հ.Միրզոյանը կեղծել է «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենայի 34 LP 883 հաշվառման համարանիշը։Մասնավորապես՝ սեւ կպչուն թաղանթներ է փակցրել եւ դրանում առկա «P» տառը ձեւափոխել «R» տառի` այդ կերպով կեղծելով եւ օգտագործելով կեղծ համարանիշ (34 LR 883), որը 2014թ. հոկտեմբերի 23-ին` ժամը 09:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցում հայտնաբերվել է ծառայություն իրականացնող՝ ճանապարհային ոստիկանության տեսուչների կողմից:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հ.Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, եւ գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:




























