Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում օրերս մահացած Ռուզաննա Գ.-Խ.-ի մահվան առթիվ նշանակված փորձաքննության պատասխանները հայտնի կլինեն 1.5 ամիս անց: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուզաննայի մայրը՝ Մարիետա Ղազանչյանը, ներկայացրեց մանրամասներ՝ հերքելով տեղեկությունները, թե աղջիկը մահացել է սրտի արատից՝ ծննդաբերությունից 15 օր անց:
«Իմ աղջիկն առողջական ոչ մի բողոք, խնդիր չի ունեցել երբեք, ոչ մի անգամ: Իր ծննդյան 20-ամյակին է գնացել Ստրասբուրգ եւ ամուսնացել, սա նշանակում է, որ 20 տարի մեզ հետ է ապրել եւ ոչ մի խնդիր չի ունեցել: Չգիտեմ, թե ով է տեղեկություն տվել, որ մահացել է սրտի արատից, բայց դա չի համապատասխանում իրականությանը: Այսօրվա դրությամբ դեռ 1.5 ամիս անց պարզ կլինի, թե իմ աղջիկն ինչից է մահացել: Ֆրանսիայի նման քաղաքակիրթ եւ զարգացած բժշկություն ունեցող երկրում հնարավոր չէր, որ իմ աղջիկը որեւէ խնդիր ունենար եւ այդ մասին չիմացվեր. անհրաժեշտ բժշկական բոլոր ստուգումներն անցել է աղջիկս, ամբողջ 9 ամսվա ընթացքում լրիվ առողջ է եղել»,- ասաց մայրը:
Տիկին Մարիետան պատմեց, որ դուստրը 5 օր ծննդաբերական ցավ է ունեցել, որից հետո բժիշկները դիմել են կեսարյան հատման, քանի որ փոքրամարմին է եղել, իսկ պտուղը՝ մեծ.«Եթե իմ աղջիկն ինչ-որ առողջական խնդիր ունենար, կդիմանա՞ր կեսարյան հատման: Ինքս բուժաշխատող եմ, ամուսինս՝ բժիշկ: Հետեւաբար, ի՞նչ աստիճանի դաժան պետք է լինի ծնողը, որ իմանալով, որ իր աղջկան հակացուցված է՝ ամուսնացներ եւ թողներ, որ նա հղիանար»:
Ռուզաննան ծննդաբերել է սեպտեմբերի 17-ին, վիրահատությունը հաջող է անցել եւ օրեր անց նա դուրս է գրվել հիվանդանոցից: Նոյեմբերի 6-ին ժամը 23:30-ի սահմաններում ընտանիքի հետ Skype-ով խոսելուց ընդամենը րոպեներ անց Ռուզաննան իրեն վատ է զգացել եւ ուշագնաց եղել:
«Թոռնիկիս էր ցույց տալիս, ուրախանում էինք, ծիծաղում էինք, խոսում էինք, հետո անջատել է Skype-ը, 2-3 րոպե անց միանգամից վատացել, ուշագնաց է եղել եւ ընկել հատակին, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին դեռ հայտնի չէ մահվան պատճառը»,-ավելացրեց տիկին Մարիետան:



























