«Օֆշորի գործով» կալանավորված Աշոտ Սուքիասյանի գործով հարցաքննվել են Աֆրիկայում հանքերում աշխատած քաղաքացիները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեղադրյալի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:
«Սուքիասյանի եւ Փայլակ Հայրապետյանի հետ Աֆրիկա գնացած եւ այնտեղ աշխատած մարդիկ են այժմ հարցաքննվում, իսկ իմ պաշտպանյալին Աֆրիկայում խաբած Ռուբեն Մկրտչյանն ու բելառուս Սերգեյը դեռ չեն հարցաքննվել, նրանք բնակվում են Աֆրիկայում, բայց մենք նրանց հասցեները փոխանցել ենք քննիչին»,- ասաց փաստաբանը:
Յուրիկ Խաչատրյանի խոսքով՝ նախաքննությունն ըստ օրենքի պետք է ավարտվի մինչեւ հունվարի 30-ը, որովհետեւ այդ օրը լրանում է Սուքիասյանի կալանքի տակ գտնվելու մեկ տարին:
Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր:




























