Դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը, Հայ-բրիտանական գործարարների պալատը եւ Ռոտարի Ակումբը Երեւանի Կենդանաբանական այգուն են նվիրելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված ճոճանակ: Բացման արարողությանը մասնակցելու է ՄԹ դեսպան Քեթի Լիչը: Միջոցառումը տեղի կունենա ժամը 14.00-ին Կենդանաբանական այգու խաղահրապարակում:

Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ Հայ-բրիտանական գործարարների պալատը արդեն 15 տարուց ավելի է Հայաստանում նշում  են Ռոբերտ Բրնզի ծնունդ, որը շոտլանդական ազգային տոն է համարվում: Հունվարի վերջին կազմակերպվում է Բրնզին նվիրված ընթրիք, այն իրենից ներկայացնում է բարեգործական միջոցառում, որի ընթացքում հավաքվում է մոտավորապես 10-15 հազար դոլար հանգանակություն:

Այս գումարը ուղղվում է Հայաստանում տարբեր տեսակի սոցիալական ծրագրերի իրականանացմանը: Այս տարի ի թիվս այլ ծրագրերի իրականացվում է նաեւ Երեւանի Կենդանաբանական այգու մանկական խաղահրապարակի ճոճանակի նվիրատվությունը: Երեւանի Ռոտարի Ակումը նույնպես միացել է այս նախաձեռնությանը եւ օգնել է տեղադրել ճոճանակը: