Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով մեղադրող Արթուր Սարգսյանը եւ տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը դեմ են, որ գործով կրկնակի հանձնաժողովային եւ համալիր դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական եւ դատաբժշկական փորձաքննություն նշանակվի։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 2-ին, նրանք առարկեցին դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի՝ նախորդ նիստին արված միջնորդությանը։
Դատախազ Արթուր Սարգսյանի խոսքով՝ կրկնակի փորձաքննություն իրականացնելու համար բավարար հիմքեր չկան, իսկ ինչ վերաբերում է մեքենաների արագությունը PC-crash համակարգչային ծրագրի միջոցով պարզելու՝ Նիկոլայ Բաղդասարյանի առաջարկությանը, Արթուր Սարգսյանն ասաց, որ Հայաստանում ամբողջական արագությունը պարզելու համար երաշխավորված մեթոդիկա չկա եւ որ ոչ մի փորձագիտական կենտրոն դա չի կարող անել:
Դատախազը հայտարարեց, որ «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի մեջ տեղադրված գազի բալոնը անչափահասների մահվան պատճառ չէր կարող լինել, ուստի փորձագետին գազի բալոնի թույլատրելիության մասին հարց ուղղելու կարիք չկա:
«Եթե անգամ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի մեջ գազի բալոնի տեղադրումը անթույլատրելի է եղել, միեւնույն է, որեւէ պատճառական կապ չկա, բալոնը ինքնուրույն չի շարժվել առաջ եւ չէր կարող մահվան պատճառ դառնալ»,- ասաց մեղադրողը:
Փաստաբան Ռուբեն Բալոյանն էլ ասաց, որ դատաքննությամբ արդեն իսկ ապացուցվել է, որ վթարը եղել է կողնակում եւ բախման վայրը որոշելու համար փորձաքննություն հարկավոր չէ: Նա նույնպես պնդեց, որ մեքենայի մեջ տեղադրված գազի բալոնը չէր կարող մահվան պատճառ դառնալ. «Իսկ եթե «Նիվայի» բեռնախցիկում տեղադրված գազի բալոնն ուղղակի տեղափոխմաննպատակով տեղադրված լիներ, այդ դեպքում ի՞նչ պետք է ասեր պաշտպանական կոմղը: Ի՞նչ է՝ նիվայով արգելվա՞ծ է գազի բալոն տեղափոխելը: Գազի բալոնի վարկածն ինձ ակամա հիշեցրեց Մ. Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» հայտնի ստեղծագործության հերոսներին, երբ ըստ Վոլանդի՝ մահվան ելքով վթարի պատճառ էր Աննայի յուղը»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Դատարանն այս միջնորդությունը մերժեց։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։




























