ՀՀ քաղաքաշինության նախարարությունում, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Հին Երեւան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել: Այն ստորագրել են ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի եւ «Մուլտիկոնտինենտալ» Դիստրիբյուշն ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գեւորգ Մաչանյանի:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը եւ Գլենդել Հիլզ ՓԲԸ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երեւան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված եւ Երեւան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր ՝ ապահովել Երեւան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երեւան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը:
Ծրագրի շինարարական աշխատանքները կսկսվեն 2015 թվականին: Կառուցապատման աշխատանքների իրականացման ժամանակացույցը կհամաձայնեցվի կողմերի միջեւ՝ որպես համաձայնագրի անբաժան մաս:




























