«ԵԱՀԿ Մինկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնում այնպիսի դիվանագետի նշանակումը, ով երկար տարիներ աշխատել է Կոսովոյում, ոչ մի լավ բան մեզ չի խոստանում: Փաստորեն, այդ կինը անջատողական Կոսովոյի անկախության հեղինակն է, ինչպե՞ս կարելի է նրան վտահել»,- նման մտավախություն է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Արազ Ալիզադեն՝ մեկնաբանելով Մեթյու Բրայզայի փոխարեն Թինա Քայդանոուի նշանակումը Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում:
«ԼՂ հակամարտությունը միակն է, որտեղ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը համընկնում են, եւ դա էլ ինձ անհանգստացնում է: Ես շատ եմ մտահոգվում, թե արդյո՞ք գերտերությունները մեր նկատմամբ ինչ-որ նենգ պլան չեն մշակել: Անկախ Ղարաբաղը դա ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի պարտությունն է: Ուստի կարծում եմ, որ մենք պետք է շտապ ինչ-որ բան նախաձեռնենք, քանի դեռ տեղի չի ունեցել անշրջելին: Ամբողջ խնդիրն այն , որ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում գործող հզոր հայկական լոբբին չի հանգստանա, մինչեւ Ղարաբաղը չպոկի Ադրբեջանից: Դրա համար մենք պետք է համախմբվենք եւ պատասխան տանք նման երեւույթներին»,- ասել է Ալիզադեն:
Հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի Թուրքիայի դիրքորոշումը, Ալիզադեն պատասխանել է, որ Թուրքիան հիմա ԱՄՆ-ի համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում: «Այո, նա կարեւոր երկիր է եղել ԱՄՆ-ի համար սառը պատերազմի տարիներին, բայց հիմա կորցրել է իր երբեմնի կարեւորությունը, ուստի նրա կարծիքը ոչ ոք հաշվի չի առնելու: Այո, մեզ կվերադարձնեն 7 շրջանները, բայց դրա գինը պետք է լինի Ղարաբաղի կորուստը: Եթե մենք ուզում ենք խափանել այդ պլանները, պետք է պատրաստվենք պատերազմի եւ բոլորին կանգնեցնենք փաստի առաջ: Խնդրի լուծման այլ տարբերակ ես չեմ տեսնում»,- ընդգծել է նա:
Հարցին, թե արդյոք պատերազմի դեպքում, գերտերությունները չեն պատժի Ադրբեջանին, ինչպես Սերբիային ու Վրաստանին, նա պատասխանել է, որ այդ խոսակցությունները տարածում են նրանք, ովքեր ցանկանում են Ղարաբաղը պոկել Ադրբեջանից: "Ադրբեջանը Վրաստան չէ, Սերբիա չէ: Մենք ավելի շահավետ վիճակում ենք, քան նրանք: Ռուսաստանին ձեռնտու չի լինի պատժել մեզ, վախենալով Հյուսիսային Կովկասում իրավիճակի ապակայունացումից, իսկ Արեւմուտքին` իր էներգետիկ նախագծերից ելնելով:




























