Թուրքիայում այսուհետ 28 տարին լրացած եւ ծառայությունից տարբեր պատճառներով խուսափած երիտասարդները կարող են փողով  օրինական ազատվել ծառայությունից։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ կարեւոր հայտարարությամբ է հանդես եկել՝ շեշտելով, որ լավ լուր ունի բանակից տարբեր պատճառներով խուսափած երիտասարդներին։

Դավութօղլուն հայտարարել է, թե այսուհետ 27 տարեկանը լրացած Թուրքիայի հանրապետության քաղաքացիները, ովքեր ծառայության խնդիր են ունեցել, 18 000 լիրա վճարելուց հետո օրինական կազատվեն ծառայությունից։

Դավութօղլուի այս հայտարարությանը խիստ են արձագանքել ընդդիմադիր պատգամավորները, ովքեր պնդել են, թե դրանով հարուստի ու աղքատի միջեւ խտրականություն է դրվում։