Ալավերդի քաղաքում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ավազակային հարձակմանը պարզվել է մասնակցած երրորդ անձի ինքնությունը, որը հայտնաբերվել է եւ ներգրավվել՝ որպես մեղադրյալ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014 թվականի նոյեմբերի 19-ին Ալավերդի քաղաքի բնակիչ Գարեգին Հախինյանը գրավոր հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում, դիմակավորված եւ զինված երեք անձինք ապօրինի մուտք են գործել իր կնոջ` անհատ ձեռնարկատեր Գայանե Գրիգորյանին պատկանող, Ալավերդի քաղաքի Թումանյան 51/1 հասցեում գործող խանութ եւ զենքի գործադրմամբ աշխատակիցների նկատմամբ կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով՝ հափշտակել են ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նկատի ունենալով քրեական գործի բարդությունը եւ ծավալը, ինչպես նաեւ այն, որ անհրաժեշտ էր` միաժամանակ կատարվեին մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ` Լոռու մարզային քննչական վարչության պետի կողմից 2014 թվականի նոյեմբերի 20-ին նույն վարչության եւ Թումանյանի բաժնի քննիչներից կազմվել է քննչական խումբ` խմբի ղեկավար նշանակվելով վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչը:
Կատարված քննչական գործողություններով եւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2014 թվականի նոյեմբերի 19-ին` ժամը 16:30-ի սահմաններում, դիմակավորված եւ զինված երեք անձ ավազակություն կատարելու նպատակով ապօրինի մուտք է գործել անհատ ձեռնարկատեր Գ.Գրիգորյանին պատկանող խանութ եւ զենքի գործադրմամբ խանութում գտնվող երեք աշխատակիցների նկատմամբ կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով` հափշտակել ոսկյա զարդեր:
Հանդիպելով վաճառողուհիների դիմադրությանը՝ վերջիններիս կողմից անվտանգության ահազանգման համակարգը միացնելուց հետո, ավազակային հարձակում կատարած անձինք, վերցնելով հափշտակված ոսկյա զարդերը, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։
Քննության շրջանակներում պարզվել է նաեւ, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք ավտոմեքենայով բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Սարգսյանի վարած «Գազ 2410» մակնիշի ավտոմեքենային ու փորձել թաքնվել։
Կատարված քննչական գործողությունների եւ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայատվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը եւ կատարված հանցագործությունից ժամեր անց Ալավերդի քաղաքի «Լենհանքեր» թաղամասի ճանապարհից երկու հոգին հայտնաբերվել եւ նույն օրը՝ ժամը 23:45-ին, բերման են ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին:
Վանաձորի բնակիչ Հ.Մարգարյանը եւ Երեւանի բնակիչ Ա.Մարտիրոսյանը նոյեմբերի 20-ին ձերբակալվել են` ավազակություն կատարելու կասկածանքով։ Միաժամանակ նրանց բերման ենթարկելուց անմիջապես հետո, տեղանքի զննությամբ, ավազակություն կատարելու մեջ կասկածվող անձանց հայտնաբերման վայրից հայտնաբերվել եւ առգրավվել են հափշտակված ոսկյա զարդերը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում` 2014 թվականի նոյեմբերի 20-ին, «Ջիլիզա» անտառտնտեսության տարածքից հայտնաբերվել է ավազակություն կատարած անձանց «Նիսսան Սքայլայն» մակնիշի ավտոմեքենան, որի առջեւի հաշվառման համարանիշը, աննկատ մնալու նպատակով, քողարկված է եղել փայտիկներով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Մարտիրոսյանին եւ Հ.Մարգարյանին 2014 թվականի նոյեմբերի 22-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Վերջիններս հրաժարվել են ցուցմունքներ տալուց: Նույն օրը մեղադրյալների նկատմամբ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Քրեական գործի հետագա նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է նաեւ երրորդ մասնակցի ինքնությունը եւ որ նա հանդիսանում է Սերիկ Հովհաննիսյանը:
2014 թվականի դեկտեմբերի 01-ին Սերիկ Հովհաննիսյանը հայտնաբերվել եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։




























