ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող, Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի գործով դատական նիստին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, գործով վկա, Մասիսի նախկին, այժմ Սիսիանի ոստիկանապետ Գուրգեն Բեգլարյանը իր նախաքննական ցուցմուքին եւ գործով մյուս վկաների ցուցմունքներին հակասող ցուցմունք տվեց։ Դատախազ Կարեն Բիշարյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, դատավոր Թաթուլ Պողոսյանը բավարարեց միջնորդությունը։

Գուրգեն Բեգլարյանը, որը դեպքի ժամանակ Մասիսի ոստիկանապետն է եղել, պատմեց, որ դեպքից հետո ինքը Մասիսի ոստիկանության աշխատակիցների հետ ժամանել է դեպքի  վայր, որտեղ մի զենքը Կարո Կարապետյանի ձեռքից է վերցրել, մյուսն էլ իրեն պատգամավորի վարորդն է տվել՝ ասելով, որ դա Արթուր Զադոյանի զենքն է, սակայն ավելի վաղ Կարո Կարապետյանի վարորդը՝ Օնիկ Հովհաննիսյանը, դատարանում ասել էր, որ ինքը զենքը քննիչին է տվել։

«Երեք-չորս միավոր զենք է առգրավվել, մեկը Կարո Կարապետյանի զենքն է եղել, «Բրաունինգ» տեսակի, մյուսը՝ «Մակարով», մյուսները չեմ հիշում։ Տեղում աշխատող արհեստավորներ կային, որոնց բերել ենք բաժին, Արթուր Զադոյանին ու Կարո Կարապետյանին էլ տեղափոխել ենք հիվանդանոց»,-պատմեց Գուրգեն Բեգլարյանը՝ նշելով, որ ինքը Կարո Կարապետյանին ճանաչում է դեռ 1993-ից, երբ Կարո Կարապետյանն իր մոտ ոստիկան էր աշխատում։

Գուրգեն Բեգլարյանը փաստորեն հակասեց ականատես երկու վկաների այն ցուցմունքին, որ նրանք դեպքի վայրից փախել են, եւ նրանց հետագայում են կանչել ոստիկանության բաժին։

Սիսիանի ոստիկանապետը պատմեց, որ դեպքի մասին Կարո Կարապետյանն է իրեն պատմել, ասել է, որ մեքենայի մեջ Արթուր Զադոյանի հետ խոսել են, Արթուրը «կլյուչով» հարվածել է իր գլխին, մեքենայից իջել են, եւ այդ դեպքը տեղի է ունեցել։

«Դեպքի վայր հասնելով՝ տեսա Կարո Կարապետյանին՝ թաշկինակը գլխին, եւ Արթուր Զադոյանին՝ կիասպառկած վիճակում։ Կարո Կարապետյանին մեր մեքենայով ենք տարել հիվանդանոց, իսկ Արթուր Զադոյանի համար շտապօգնության մեքենա ենք կանչել»,-պատմեց Գուրգեն Բեգլարյանը։

Պատասխանելով Կարո Կարապետյանի փաստաբանի հարցին՝  վկան բացառեց շինծու վկաների առկայությունը գործում։  Իսկ երբ փաստաբանը փորձեց ավելի մանրամասն հարցեր տալ, Գուրգեն Բեգլարյանը վրդովվեց՝ ասելով, որ օրական 50-60 դեպք է լինում, ինքը չի կարող 5 տարի անց  մանրամասներ հիշել։ Փաստաբան Կրոմվել Գրիգորյանը հակադարձեց, թե ամեն օր չէ, որ պատգամավորի գլխին են հարվածում, ինչին վկան պատասխանեց. «Ո՞վ է ասում»։

Սիսիանի ոստիկանապետը չհիշեց նաեւ՝ ամբաստանյալ Արթուր Զադոյանի դեմքին արյուն կար, թե ոչ։

Գուրգեն Բեգլարյանը պնդեց նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքը։

Դատարանում այսօր ցուցմունք տվեց գործով եւս մեկ վկա՝ Գագիկ Գրիգորյանը, որը դեպքի ականատես երկու վկաների ընկերն էր, սակայն դեպքի օրը շինարարության վայրում չէր եղել, եւ մանրամասներին պատմելով էր տեղեկացել։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստին կքննվեն իրեղեն ապացույցները։

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին, Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Կարո  Կարապետյանը նաև ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, ով ոտքերի հարված էր ստացել գլխին և  ուղեղի ցնցում ստացել: Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին և 3 վիրահատության ենթարկվել: ՀՔԾ-ում գործը վերաբացվել է այս տարվա մարտին: Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն և ռազմամթերք եւ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ: Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի եւ Զադոյանի միջեւ թշնամանքի պատճառը խոշոր գումարն է՝ 57,600 դոլար, որը պատգամավորի պդնմամբ՝ Զադոյանը պարտք է իրեն։ Զադոյանի պնդմամբ՝ պատգամավորն է պարտք իրեն։