Վայքում քաղաքապետի ընտրություններ կանցկացվեն հավանաբար հունվարի 18-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Կառավարության դեկտեմբերի 4-ին կայանալիք նիստում Վայքում քաղաքապետի ընտրություն անցկացնելու մասին որոշումն ընդունելուց հետո ուժի մեջ մտնելու համար այն պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում, որը հավանաբար կլինի մյուս շաբաթ: Որոշման հրապարակումից հետո հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը, որն լրանում է հունվարի 18-ին, Վայքում կանցկացվի քաղաքապետի ընտրոթյուն:

Կառավարությունը որոշումը ընդունելուց հետո այն կուղարկի ԿԸՀ՝ ընտրությունների նախապատրաստման եւ անցկավման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համար: ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ ըստ Ընտրական օրենսգրքի՝ արտահերթ ընտրությունների ժամանակ թեկնածուների գրանցումը տեւում է մոտ 5, քարոզարշավը՝ մոտ 10 օր:

Նշենք, որ Վայքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր Հարություն Սարգսյանը: Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելուց հետո Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ: