Հայաստանի ոստիկանությունը հայ վարորդներին կոչ է անում առավելագույնս ուշադիր լինել հատկապես դպրոցամերձ փողոցներում:
Ոստիկանության կոչում ասվում է.
«Մայրաքաղաքում տեղաց առաջին ձյունը, ինչը լրացուցիչ դժվարություններ է հարուցում երթեւեկության համար, վթարային իրավիճակների պատճառ դառնում եւ, բնականաբար, ավելի մեծ զգոնություն ու պատասխանատվություն պահանջում վարորդներից:
Վարորդներին կոչ ենք անում առավելագույնս ուշադիր լինել հատկապես դպրոցամերձ փողոցներում: Զգոն ու շրջահայց եղեք խաչմերուկներում ու մայթեզրյա հատվածներում, հետիոտնային անցումի մոտ մեքենան արգելակելիս, ընթացքում արագությունն ու տրանսպորտային միջոցների միջտարածությունը հաշվարկելու ժամանակ:
Բոլոր այն վարորդներին, որոնք անվադողերը դեռեւս չեն փոխարինել ձմեռային դողերով, խորհուրդ ենք տալիս ժամանակավորապես ձեռնպահ մնալ ավտոմեքանան շահագործելուց եւ ճանապարհ ելնել միայն տրանսպորտային միջոցը ձմեռային պայմաններին համապատասխան կահավորելուց հետո:
Հիշե՛ք. հատկապես ձյունառատ ձմռանը երթեւեկության կանոնների եւ տրանսպորտային միջոցի շահագործման պահանջների խստագույն պահպանումը վարորդի, ուղեւորի ու հետիոտնի անվտանգության ապահովման լավագույն երաշխիքն է»:




























