«Բանդայի գործով» մեղադրող Սասուն Խաչատրյանը 11-15 տարվա ազատազրկում է պահանջում ամբաստանյալներից յուրաքանչյուրի համար: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 3-ին, մեղադրողն ընթերցեց մեղադրական ճառը՝ նշելով, որ դատաքննությամբ հիմնավորվել է ամբաստանյալների մեղավորությունը:
Մեղադրողը հրաժարվեց բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին առաջադրված՝ թմրանյութ պահելու մեղադրանքից, սակայն մյուս մասերով պնդեց իր մեղադրանքը եւ նրա համար պահանջեց 15 տարվա ազատազրկում:
Մեղադրողը ամբաստանյալներ Դավիթ Գալստյանի եւ Սամվել Դավթյանի համար՝ 15, իսկ Արսեն Մանուկյանի համար՝ 11 տարվա ազատազրկում պահանջեց:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Արտուշ Հակոբյանի հարազատները արտասվելով էին լսում մեղադրական ճառը: Դատախազը նաեւ պահանջեց բռնագրավվել ամբաստանյալների անձնական գույքը եւ միջնորդեց բավարարել տուժողների քաղաքացիական հայցը:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։




























