Բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ փորձագետներ, մտավախություն ունեն, որ դոլարի ամրապնդման դեպքում մեր երկրում ներմուծվող ապրանքների գները կաճեն: Կարծես տրամաբանական է: Բայց մի հարց կա. արդյո՞ք հիմնավորված են ներմուծվող ապրանքների ներկա գները: Գուցե դոլարի փոխարժեքի տատանումը մարելու հնարավորությո՞ւն կա:

Այդ հնարավորությունները դիտարկենք բուսական յուղի օրինակով: Բոլորին է հայտնի, որ այս ապրանքի ներմուծումն ամբողջությամբ մենաշնորհային է: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով, ներմուծված արեւածաղկի ձեթի ընդհանուր ծավալի 69.3%-ը բաժին է հասել Ռուսաստանին, եւ 30.3%-ը՝ Ուկրաինային: Եվ միայն 1%-ից պակաս քանակությամբ ներմուծվել է այլ երկրներից: Ընդ որում, Ուկրաինայից ներմուծված ապրանքի մաքսային միջին գինը կազմել է 422 դրամ՝ մեկ լիտրի դիմաց, եւ 57 դրամով էժան է եղել ռուսական ձեթից:

Բուսական յուղի մեկ լիտրի քաշը կազմում է շուրջ 920 գրամ: Այդ պատճառով, ծավալային միավորների վերածելով՝ ուկրաինական ձեթի միջին մաքսային արժեքը (ԱԱՀ-ի հետ մասին) կազմել է մեկ լիտրի դիմաց 466 դրամից էլ պակաս, իսկ ռուսականը ձեթինը՝ 528 դրամ:

Սեպտեմբերին արեւածաղկի ձեթի գինը մայրաքաղաքում կազմել է 793 դրամից քիչ պակաս՝ մեկ լիտրի դիմաց: Այսպիսով, մաքսակետից մինչեւ վաճառասեղաններ այդ ապրանքը թանկացել է միջինը 283 դրամով կամ 55.5%-ով: Այսինքն՝ ավելի քան 1.5 անգամ:

10%-անոց գերավճարի դեպքում (ինչպես մեծածախի, այնպես էլ մանրածախի դեպքում) ապրանքի միջին մանրածախ գինը կարող էր կազմել շուրջ 617 դրամ՝ մեկ լիտրի դիմաց կամ փաստացի գնից շուրջ 22% պակաս: Եթե չլիներ «ձեռներեցների» ագահությունն ու կոռուպցիան:

Ինչո՞ւ հատկապես 10%-անոց գերավճար: Այդ հարցն օրինաչափ պատասխան ունի: Հայտնի է, որ շուրջ մեկ ամիս անց Հայաստանը ԵՏՄ-ի շրջանակում համագործակցելու է Ռուսաստանի հետ: Այնպես որ՝ ժամանակն է փոխառել գների կարգավորման ռուսական մեթոդը: Իսկ այն բավական պարզ է. ռուսական մի շարք մարզերի վարչակազմերի «խորհուրդ է տրվում» սոցիալական նշանակության ապրանքների (այդ թվում՝ արեւածաղկի ձեթի) գերավճարը չբարձրացնել 10%-ից ավելի:

Զանգվածային ներմուծման եւ նույնքան զանգվածային մեծածախ վաճառքի դեպքում, վատ եկամուտ չի ստացվի նաեւ 10%-ից էլ պակաս գերավճարի դեպքում: Պետությունը նաեւ ԱԱՀ-ի տարբերակման ճանապարհով կարեւորագույն ապրանքների գների նվազեցման հնարավորություն ունի: Միայն թե ցանկություն լինի…