Մենք Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան անդամների առաջ բարձրացրել ենք ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալի Քերիմլիի գործի հարցը, այդ թվում՝ կոչ արել նրանց պահպանել պատշաճ իրավական ընթացակարգերը և ապահովել բժշկական օգնության անհրաժեշտ հասանելիությունը՝ իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան։ Այս մասին The Independent պարբերականին հայտնել է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։

«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել այս գործին, ինչպես նաև Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակին, և ազատությունների պաշտպանության վերաբերյալ մեր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի կառավարությանը», — նշել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում։

Ադրբեջանցի ձերբակալված ընդդիմադիր առաջնորդի ընտանիքը հայտարարել է, որ Ադրբեջանի ռեժիմը «դիտավորյալ փորձում է կոտրել նրան»՝ բանտում զրկելով անվտանգ խմելու ջրից՝ նրա ֆիզիկական վիճակի վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին։

61-ամյա Ալի Քերիմլիին սպառնում է ցմահ ազատազրկում «քաղաքականապես մոտիվացված» պետական դավաճանության մեղադրանքով՝ նոյեմբերին ձերբակալվելուց և Ռուսաստանի աջակցությամբ հեղաշրջման միջոցով կառավարությունը տապալելու դավադրության մեջ մեղադրվելուց հետո։ Նա կատեգորիկ հերքում է մեղադրանքները։ Քերիմլին հայտարարել է, որ իշխանությունները դիտավորյալ փորձում են հիվանդացնել իրեն և հասցնել մահվան։

Քերիմլին Ադրբեջանում ժողովրդավարության վաղեմի կողմնակից է և Իլհամ Ալիևի կառավարության օրոք շարունակում է հանդես գալ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների (այդ թվում՝ խոշտանգումների) դեմ։

Իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ 2025 թվականի վերջից թիրախավորված ճնշումները ուղղված են Ադրբեջանի ժողովրդական ճակատի կուսակցության դեմ (որը գլխավորում է Քերիմլին)։ Սա տեղի է ունենում վերջին տասնամյակում այլախոհության և արտահայտվելու ազատության ավելի լայն ճնշման ֆոնին, որի հետևանքով Ադրբեջանում ձերբակալվել են հարյուրավոր լրագրողներ, ակտիվիստներ և քաղաքական ընդդիմախոսներ։

Քերիմլիի դուստրը կոչ է արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ որպես Ադրբեջանի խոշորագույն օտարերկրյա ներդրողի, հրապարակավ դատապարտել Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքն իր հոր նկատմամբ և հասնել նրա ազատ արձակմանը։