Ստամբուլում կայացել է Քաղաքական հարցերի և պաշտպանության ռազմավարական կոմիտեի առաջին նիստը՝ բարձրագույն համակարգող մարմին, որն ստեղծվել է համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագրի շրջանակում, այն ստորագրել են Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան, փոխանցել են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ կողմերը համաձայնեցրել են դաշինքի պաշտոնական անվանումը՝ «Մեքքայի պաշտպանության դաշինք» (Mecca Defense Alliance)։

«Այս համաձայնագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանում դրվում է անվտանգության սկզբունքորեն նոր ճարտարապետության և բազմակողմ համագործակցության ձևավորման սկիզբը։ Դաշինքն ի սկզբանե ստեղծվում է որպես բաց կառույց՝ նախատեսված հետագա ընդլայնման համար։ Մենք համոզված ենք, որ այս միությունը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը և անորոշության մակարդակի հետևողական նվազեցմանը։

Նեթանյահուն, որը դարձել է մարդկության, միջազգային հանրության և գլոբալ կայունության ընդհանուր թշնամին, ցեղասպանության մեղավորը, այն ֆիգուրը չէ, որին կարելի է լուրջ վերաբերվել։ Խոր մոլորություն կլինի այս սպառնալիքը դիտարկել բացառապես միայն Թուրքիայի շահերի համատեքստում», — նշել է նա։