Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել միայն մեկ անձի ցուցմունքի հիման վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով գիշերօթիկ դպրոցի աշխատակիցների եւ երեխաների շահերը պաշտպանող Տիգրան Հայրապետյանի հայտարարությանը, թե Գայանե Մարգարյանը 7-8 տարի շարունակ յուրացրել է մոտ 300մլն դրամ:
«Նման բան ասելը սխալ է, քանի որ Գայանե Մարգարյանի ֆինանսա-տնտեսական գործունեության վերաբերյալ ոչ մի ստուգում դեռ չի արվել դպրոցում: Կարծում եմ, որ այս կերպ Տիգրան Հայրապետյանն ուղղորդում է քննչական մարմիններին»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով` իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ընդամենը մեկ անձի ցուցմունքի հիման վրա: Թե ով է այդ անձնավորությունը, Ռուբեն Բաբայանը չցանկացավ հայտնել` պատճառաբանելով, որ նախաքննական գաղտնիք է:
Մեր հարցին` արդյոք Քննչական կոմիտեի կամ Տիգրան Հայրապետյանի ներկայացրած տվյալները չե՞ն համապատասխանում իրականությանը, Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Իհարկե, ոչ, մենք չենք ընդունում առաջադրված մեղադրանքը»:
Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ Գայանե Մարգարյանը 2007-2014 թվականների ընթացքում, կազմակերպության կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ հրամանագրել է ՊՈԱԿ-ում փաստացի աշխատանքներ չկատարող 28 աշխատակիցների: Արդյունքում` պետական բյուջեից ՊՈԱԿ-ին փոխանցված գումարներից վերոհիշյալ անձանց անուններով ելքագրել ու յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով` 46.535.970 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ ամենամյա եւ ֆիզիոլոգիական արձակուրդայինների համար տրվող գումարները: Բացի այդ, 2004-2014 թվականների ընթացքում Գ.Մարգարյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանի եւ կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ, հաշվարկել է ՊՈԱԿ-ում փաստացի չաշխատող 4 աշխատակցի, սակայն նրանց անվամբ ելքագրված գումարները տվել է ՊՈԱԿ-ում աշխատող նրանց հարազատներին եւ ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցներին՝ որպես լրավճար` այդկերպ ՊՈԱԿ-ի միջոցներից վատնելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7.747.358 ՀՀ դրամ գումար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի մի խումբ աշխատակիցներ ապրիլի 4-ին բաց նամակ էին տարածել հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնություն գործադրելու, ֆինանսական ապօրինությունների, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու հովանավորչությունից օգտվելու վերաբերյալ: Լրատվամիջոցները եւ սոցիալական կայքերը արագ արձագանքել են դրան, այցեր կատարել հաստատություն ու հարցազրույցներ վերցրել աշխատակիցներից ու երեխաներից:




























