Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը լավ առիթ է հիշեցնելու սառեցված նախկին ներդրումային ծրագրերի մասին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Բնական է, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո ոչինչ չի փոխվի, եթե Հայաստանը գործնական քայլեր չձեռնարկի, հավելեց նա: Օրինակ, կարելի է քայլեր ձեռնարկել գիտատեխնիական աշխատանքներում ներդրումների վերականգնման ուղղությամբ: «Վերջապես, կարելի է նաեւ հիշեցնել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագծի մասին, որտեղ Ռուսաստանը պատրաստվում էր ներդրումներ կատարել», - նշեց Մինասյանը: Այդուհանդերձ, ՀՅԴ-ն չի կարող դեմ լինել Հայաստանի եվրասիական ինտեգրմանը, քանի որ երկրի համար գլխավոր խնդիրը սեփական անվտանգության ապահովման հարցերն են: