2015թ.-ի հունվարի 1-ից Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանն ընդառաջ Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել գործարարների հետ:  Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը գործարարներին ներկայացրել է եկող տարվանից գործողության մեջ մտնող նոր ընթացակարգերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնից հայտնում են, թե փոխնախարարը հայտնել է, որ  մշակվել է  «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի նպատակը Հայաստանի առանձնահատկություններից ելնելով ԵՏՄ անդամակցությունից բխող իրավապայմանագրային դաշտի կարգավորումն է: Զուգահեռաբար փոփոխություններ են կատարվել նաեւ «Ավելացված արժեքի հարկի» եւ «Ակցիզային հարկի» մասին օրենքներում` կապված հարկային հայտարարագրման ինստիտուտի ներդրման հետ:

Ըստ  Վախթանգ Միրումյանի, մշակվել է նաեւ անուղղակի հարկերի գծով պարտավորությունների հաշվարկման առանձնահատկությունների մասին նախագիծ, որով սահմանվում է ներմուծման հայտարարագրի փոխարինումը հարկայինով: Զգալի փոփոխություններ  են նախատեսվում նաեւ ժամկետների առումով. «Նոր ընթացակարգով մաքսային վճարները կհաշվարկվեն եւ կվճարվեն ոչ թե տասնօրյա ժամկետում, այլ մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը»: Փոխնախարարի խոսքով` երրորդ երկրի հետ ազատ առեւտրի ռեժիմի մասով եւս խնդիրներ չկան: Գործարարները դրական են արձագանքել նախատեսվող փոփոխություններին` դրանք համարելով դաշտի պազեցմանն ուղղված նշանակալի քայլ: