Կանադայի Հայ դատի հանձնախմբի նախագահ դոկտոր Ժիրայր Բասմաջյանը նամակ է հղել երկրի ԱԳ նախարար Ջոն Բերդին՝ կոչ անելով դատապարտել նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայկական ուղղաթիռի դեմ հարձակումը: Այս մասին գրում է «Asbarez»-ը:
«Ալիեւի ռեժիմի կողմից այդ գործողությունն ավելի է սրել լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ զգալիորեն մեծացրել տարածաշրջանային պատերազմի հավանականությունը: Որպեսզի խաղաղ գործընթացը շարունակվի եւ կանխվի հետագա արյունահեղությունը բոլոր կողմերում, Կանադան պետք է անհապաղ դատապարտի Ադրբեջանի այդ թշնամական գործողությունը եւ կող անի կողմերին խնդիրը կարգավորել բանակցությունների սեղանի շուրջ: Այդ հարձակման վերաբերյալ Կանադայի կողմից հայտարարության բացակայությունը անհանգստություն է առաջացնում եւ կարող է Ալիեւի ռեժիմին կեղծ հույսեր տա, որ միջազգային հանրությունը համաձայն է այդ սադրանքի հետ: Մեր նպատակը հակամարտության խաղաղ կարգավորման հասնելն է, որտեղ ճանաչվում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-ասված է նամակում:




























