News.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում վերլուծաբան Շիշիր Աստանայի՝ «Business Standard» հնդկական պարբերականում հրապարակված հոդվածը:
Ամեն անգամ, երբ նավթի գները հասնում են կրիտիկական մակարդակի, շուկայում դավադրությունների տեսության մի ամբողջ շարք է հայտնվում: Երբ նավթի արդյունահանումը չկրճատելու մասին ՕՊԵԿ-ի որոշումից հետո նավթի հումքի գինը 70 դոլարից էլ ցած իջավ, ավելի շատ նման պատմություններ շրջանառվեցին:
Շուկայում շրջանառվող պատմություններից մեկի համաձայն, ԱՄՆ-ն եւ Սաուդյան Արաբիան միավորվել են, որպեսզի նավթի գները պահեն ցածր մակարդակի վրա՝ Ռուսաստանին եւ Իրանին հարվածելու համար, որոնց բյուջեների համար ավելի բարձր գներ են հարկավոր: Մեկ այլ տեսության համաձայն, «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» վերջին հարձակումը Սաուդյան Արաբիային ստիպում է համագործակցել ամերիկացիների հետ, որպեսզի պահպանեն նավթի ցածր գները, քանի որ ահաբեկչական կազմակերպությունը նավթային գումարներն օգտագործում է իր զինվորներին ֆինանսավորելու համար: Այս վերջին տեսությունը նույնիսկ հիշատակվում է միջազգային հայտնի փորձագետի հետազոտական զեկույցում:
Նավթի գները միշտ գրավել են շուկայում պատմություններ տարածողներին, հատկապես երբ գներն ընկնում են: 1980-ականներին Սաուդյան Արաբիային մեղադրեցին ամերիկացիների հետ դավադրություն կազմակերպելու մեջ՝ նպատակ ունենալով իջեցնել նավթի գները, որպեսզի փչացնեն Աֆղանստանում Ռուսաստանի ավանտյուրան: Լինելով խոշոր արտադրող՝ Սաուդյան Արաբիան, որպես կանոն, բախվում է գների ցանկացած շտկման հետ կապված մեղադրանքների, հնարավոր է, այն պատճառով, ինչ տեղի ունեցավ 1980-ականների կեսերին:
Ներկա իրավիճակում պարզ է, որ նավթի շուկայում ՕՊԵԿ-ի դերն ու ազդեցությունը նվազել է: Այն կորցրել է իր արդիականությունը: Եթե անգամ վերջին հանդիպման ժամանակ ՕՊԵԿ-ը որոշեց կոլեկտիվ կերպով իջեցնել նավթի գները, ազդեցությունը, ինչպես Սաուդյան Արաբիան է պնդում, երկարատեւ չի լինի, քանի որ շուկայում կան ՕՊԵԿ-ի կազմում չընդգրկված շատ արտադրողներ, որոնք սպասում են շուկայի մի մասը գրավելուն: Ամերիկյան ընկերությունները հաճույքով կլրացնեին ՕՊԵԿ-ի ստեղծած բացը:
Եթե անգամ դավադրության տեսություններից որեւէ մեկը ճիշտ է, փաստերը ցույց են տալիս, որ նավթի գների հետ կապված պատերազմը հեռու է ավարտից: Հակառակը, այն հանգեցրեց ՕՊԵԿ-ի խաղացողների եւ կազմակերպությունում չընդգրկված խաղացողների միջեւ ուղղակի առճակատման:




























