ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ո «Առաջին ուսանողական ալիքի» լրագրողներին հորդորեց ԿԳ նախարարության մասին վատ ռեպորտաժներ անել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, բուհում բացված ուսանողական առաջին ալիքի շնորհանդեսին։

«Ուրախ եմ, որ ՀՊՏՀ-ն բացում է լրատվական կյանքի ուսանողական նոր տարբերակ, նոր էջ, նոր ձեւ։ Հուսամ, որ ժողի ուսանողների պրոֆեսիոնալիզմը կհերիքի, որպեսզի իրենց փորձը վարակիչ դառնա մնացած բոլոր բուհերի համար։ Մաղթում եմ ձեզ բարի եթեր, չխորշեք լուսաբանել պրոբլեմներ, ավելի շատ պրոբլեմ լուսաբանեք։ Կարող եք նաեւ նախարարության մասին վատ ռեպորտաժներ անել»,- իր խոսքում նշեց Արմեն Աշոտյանը։

«Առաջին ուսանողական ալիքը» Հայաստանի բուհական պատմության մեջ առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որը գործելու է Հայաստանի երիտասարդական հիմանադրամի աջակցությամբ։

ԿԳ նախարարը նաեւ ողջունեց տնտեսագիտական համալսարանի ուսանողների ձեռնարկած Վիքիպեդիան հայալեզու հոդվածներով հարստացնելու` «1-ը դարձնենք 100» նախագծի երկրորդ փուլը։

«Կարծում եմ 100 արդեն անցած թիվ է ձեզ համար, երկու անգամ 100 եք անում։ Ցանկանում եմ, որ հայալեզու Վիքիպեդիան հարստացնեք մի քանի հարյուր հոդվածներով»,- ասաց Աշոտյանը։

Բուհի ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանի խոսքով՝սեպտեմբերին Վիքիպեդիայում ուսանողների ջանքերով զետեղել են 100 ռազմահայրենասիրական նյութ, իսկ երկրորդ փուլում Վիկիպեդիան համալրել են Հայաստանի տնտեսությանը, ֆինանսներին, բանկային համակարգին վերաբերող եւս 100 հոդվածով։