Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր անձնական ֆինանսական  շահերը վեր դասեց Բելառուսի շահերից եւ ռուս-բելառուսական միությունից, NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

 Ըստ նրա՝ Լուկաշենկոն շատ տգեղ պահեց իրեն՝ դաշնակցին ոչ հարիր։ 

 «Լուկաշենկոն հիանալի գիտեր, որ մենք Արեւմուտքի դեմ պատժամիջոցներ սահմանեցինք ի պատասխան մեր դեմ նրանց պատժամիջոցների։ Փոխանակ մեզ աջակցի, նա սկսեց Արեւմուտքից մաքսանենգորեն ապրանք տեղափոխել Ռուսաստանի տարածք՝ ցանկանալով այդկերպ հարստանալ», - նշել է Միխայիլ Ալեքսանդրովը եւ հավելել, որ երբ այդ ամենը բացահայտվեց, եւ Ռուսաստանը զգուշացրեց, որ նման բան չի հանդուրժի, նա շարունակեց դա անել. «Այսինքն՝ նա այնքան է հանդգնացել, որ կորցրել է իրականության զգացումը», - ընդգծել է Ալեքսանդրովը։

Ըստ նրա՝ Լուկաշենկոն պետք է հասկանա, որ Բելառուսն ինքը չէ։ «Լուկաշենկոն պահպանում է իշխանությունը միայն Ռուսաստանի օգնությամբ։ Չլինի օգնություն, Լուկաշենկոն Յանուկովիչի նման տեղից կթռչի։ Յանուկովիչին քաղաքական ապաստան տվեցին Ռուսաստանում։ Իսկ Բելառուսում ռուսամետ այլ նախագահ կգա, եթե Լուկաշենկոն պահվածքը չփոխի», - ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ այդ դեպքում Լուկաշենկոյի ապագան աննախանձելի կլինի։

Քաղաքագետը նշել է, որ Լուկաշենկոյի հետ դժվար է աշխատել։ «Որքան էլ տարօրինակ է, ամենապարկեշտ առաջնորդը դուրս եկավ Նազարբաեւը։ Անգամ կարծում եմ, որ Հայաստանն ավելի լավ գործընկեր կլինի, քան Լուկաշենկոյի գլխավորած Բելառուսը»,- ամփոփել է Ալեքսանդրովը։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՌԴ իշխանությունները անպարկեշտ էր վարվել՝ արգելելով բելառուսական սննդամթերքի ներմուծումը Ռուսաստան: