«Հարսնաքարի» գործով 12-ական տարվա ազատազրկման դատապարտված Գարիկ Մարգարյանը եւ Նորայր Հայրապետյանը դատավճռի հրապարակման օրը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար կտուգանվեն 300 հազարական դրամով։ Նման վճիռ է կայացրել այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, թեեւ դատախազը մեկ ամսվա ազատազրկում էր պահանջել։ 

Դատավարությանը մասնակցող Գարիկ Մարգարյանի մայրը նշեց, որ այս գործով դատավճիռն իրեն քիչ էր հետաքրքրում, քանի որ որդին արդեն 12 տարվա ազատազրկման է դատապարտվել, ըստ նրա, աննախադեպ ապօրինի դատավարությամբ։

«Տուգանք կնշանակեն, տուգանք չեն նշանակի՝ ինչի՞ մասին ա խոսքը, երբ որ իմ տղու ապագան խորտակվեց: 12 տարի դատապարտեցին, հիմա պտի նստեմ տուգանքի համար մտածե՞մ: Սենց ապօրինի դատավճիռ երեւի ամբողջ Հայաստանում չէր եղել: Եգորյանը սուտ ցուցմունք տվեց, արժանահավատ ճանաչեցին, էտքան մարդ խոսաց ,չհավատացին: Ինչի՞ ոտերով հնարավոր է պարզել, թե ովքեր են հարվածելժ՝ Գարիկ Մարգարյա՞նը, Արման Բաղդասարյա՞նը, թե՞ մյուսը»,- ասաց տիկին Նունեն՝ ավելացնելով, որ դատախազ Արթուր Դավթյանին ցանկանում է բարեմաղթանքներ փոխանցել գալիք Ամանորի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք որպես ամբաստանյալ մասնակցելով «Հարսնաքարի գործով» տեղի ունեցող դատական նիստին՝ նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից կայացված դատավճռի հրապարակման ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի հասցեին շուրջ 3 րոպե տեւողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը փորձեցին բեկանել Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանն առաջին ատյանի որոշումն անփոփոխ թողեց։ Ամբաստանյալների պաշտպանները դիմեցին Վճռաբեկ դատարան, սակայն դատարանը գործը վարույթ չընդունեց։