Դեկտեմբերի 4-ին հայտնաբերվել են Բերինգի ծովում խորտակված հարավկորեական «Օրիոն-501» ձկնորսանավի եւս 4 նավաստիների մարմինները: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ ԱԻՆ Չուկոտկայի վարչության ներկայացուցիչը:
Նրանցից երկուսը Հարավային Կորեայի քաղաքացիներ են, մյուս երկուսը կարող են լինել ինդոնեզացիներ կամ ֆիլիպինցիներ:
Մինչ այդ հայտնաբերվել էին եւ ջրից դուրս էին բերվել 12 ձկնորսների մարմինները, որոնցից 5-ը կորեացիներ էին, 6-ը՝ ինդոնեզացիներ եւ մեկը՝ ֆիլիպինցի:
Հիշեցնենք, որ «Օրիոն-501» ձկնորսանավը խորտակվել է դեկտեմբերի 1-ին, Բերինգի ծովում: Նավում եղել է 60 մարդ, հիմնականում Հարավային Կորեայի, Ինդոնեզիայի եւ Ֆիլիպինների քաղաքացիներ:



























