«Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանը հպարտանում է այն տղաներով, որոնք նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի զոհված անձնակազմին դուրս բերեցին եւ հանձնեցին նրանց հարազատներին:

«Ադրբեջանն ուզում էր իր ժողովրդի աչքին լավ երեւալ, բայց մենք կարողացանք լավ հակահարված տալ, փառք ու պատիվ մեր տղաներին, հպարտ եմ նրանցով: Շատ կարեւոր նշանակություն ուներ, որ մեր տղաների աճյունը հետ բերեցինք»,- այս մասին այսօր` դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները։