Խարդախության եւ պետական խոշոր գումարների յուրացման մեջ մեղադրվող` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը պատրաստ է կրել ցանկացած պատիժ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին,Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց Վազգեն Խաչիկյանը՝ հանդես գալով վերջին խոսքով:
«Ինչ դատավճիռ էլ կայացնի դատարանը, այն կայացվելու է հանուն Հայաստանի, եւ որպես ՀՀ օրինապահ քաղաքացի պատրաստ եմ ցանկացած պատիժ կրել։ Ես ինքս դատավարության հարուցումից առաջ եւ հետո գտնվում էի արտասահմանում եւ ինքս ինքնակամ եմ վերադարձել: Բազում հնարավորություններ ունեի արտասահմանում մնալու, այլ անձնագիր ունենալու, եւ թաքնվելու թե նախաքննությունից, թե դատաքննությունից, բայց իմ պարտքը համարեցի գալ Հայաստան, ներկայանալ քննչական մարմիններին։Հաշվի առնելով փաստաբանի եւ իմ բերած փաստարկները եւ հանգամանքները, սպասում եմ, որ դատարանը օբյեկտիվ եւ արդարացի դատավճիռ կկայացնի»,- ասաց նա:
Վերջին խոսքով հանդես եկան նաեւ մյուս ամբաստանյալները:
Ամբաստանյալ Հրանուշ Դանիելյանը նշեց, որ ամբողջ դատավարության ընթացքում իրեն մեղավոր չի զգացել` պահանջելով արդարացման դատավճիռ կայացնել:
Մեղադրյալ Համլետ Մարտիրոսյանն ասաց, որ ինքը գիտակցում է, որ պետությանը վնաս է հասցվել եւ խնդրեց մեղմ պատիժ սահմանել իր նկատմամբ:
Ամբաստանյալներ Արթուր Սուքիասյանը եւ Սարգիս Սարգսյանը իրենց մեղավոր ճանաչեցին եւ դատարանից խնդրեցին մեղմ պատիժ կիրառել:
Սամվել Էլբակյանը իրեն մեղավոր չճանաչեց յուրացումներ կատարելու մեջ` կրկին մեղմ պատիժ ակնկալելով:
Ամբաստանյալներ Արմեն Խաչատրյանը եւ Բագրատ Մուրադյանը նշեցին, որ փոխհատուցել են հասցված վնասը 1 մլն 200 հազար դրամի եւ 8 մլն. 305 հազար դրամի չափով, որոնց անդորրագրերը ներկայացրել են դատարան: Վերջինները պահանջեցին դատարանի դահլիճից ազատ արձակել իրենց եւ սահմանել պայմանական պատիժ:
Ամբաստանյալ Վիգեն Գեւորգյանը դատարանին մեղադրեց ոչ օբյեկտիվ քննություն անցկացնելու մեջ եւ չընդունեց հասցված վնասը համապարտորեն փոխհատուցելու պահանջը: Նա եւս պայմանական պատժի կիրառում խնդրեց:
Մյուս ամբաստանյալները հրաժարվեցին վերջին խոսք ասելուց:
Դատարանը վերջնական դատական ակտ կկայացնի դեկտեմբերի 9-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մեղադրողն առաջարկել է ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանին ազատազրկել 6 տարի, 6 ամիս, Հովհաննես Գրիգորյանին՝ 6 տարի, 2 ամիս, Վիգեն Գեւորգյանին՝ 4 տարի, 6 ամիս, Վահագն Խաչատրյանին՝ 5 տարի, 6 ամիս, Սամվել Էլբակյանին՝ 5 տարի, Հովհաննես Հովհաննիսյանին՝ 5 տարի, 6 ամիս, Սարգիս Սարգսյանին՝ 4 տարի 7 ամիս, Արթուր Սուքիասյանին՝ 4 տարի 6 ամիս, Բագրատ Մուրադյանին, Արմեն Խաչատրյանին, Համլետ Մարտիրոսյանին եւ Հրանուշ Դանիելյանին՝ 4 տարի ժամկետով: Միաժամանակ մեղադրողը միջնորդեց Հրանուշ Դանիելյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար:




























