Մի խումբ երիտասարդներ, որոնք հանգանակություն էին կազմակերպել ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի օդաչուների  ընտանիքներին օգնելու համար, դադարեցրել են դրամահավաքը։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Էդգար Էլբակյանը:

 «Ծնողների հետ զրուցելուց եւ խորհրդակցելուց հետո մենք որոշել ենք դադարեցնել հանգանակությունը, միասին եկանք այն եզրահանգմանը, որ դրա կարիքը չկա։ Չեղյալ ենք հայտարարել ֆեյսբուքյան միջոցառումը, որ նոր փոխանցումներ չլինեն»,- ասաց Էդգար Էլբակյանը։

Էդգար Էլբակյանը տեղեկացրեց, որ  այժմ փորձում են  կապ հաստատել հանգանակություն կատարած մարդկանց հետ, որպեսզի լուծեն գումարի տնօրինման եւ վերադարձման խնդիրը ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը՝ երիտասարդների կազմակերպած հանգանակության նպատակն էր զոհվածների ընտանիքներին ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական աջակցություն ցույց տալ։

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները, որոնք նոյեմբերի 25-ին զինվորական կարգով հողին հանձնվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: