Խարդախության եւ պետական խոշոր գումարների յուրացման մեջ մեղադրվող` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը իրենց դատավարությունը համեմատեց համաշխարհային նշանակություն ունեցող Նյուրնբերգյան դատավարության հետ:
«Այս դատավարությունը իր կարեւորությամբ թերեւս զիջում է այդ դատավարությանը, բայց տեւում է շուրջ 2 տարուց ավելի»,- այսօր` դեկտեմբերի 4-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր վերջին խոսքում ասաց Վազգեն Խաչիկյանը:
Խաչիկյանն իրենց մեղսագրվող կազմակերպված հանցախումբ լինելը համեմատեց ֆուտբոլի թիմային խաղի հետ, որտեղ, այնուամենայնիվ, միշտ պատժվում է մարզիչը: Թե ում նկատի ուներ Վազգեն Խաչիկյանը ֆուտբոլի թիմ ասելով՝ պարզ չէ։
Այնուամենայնիվ, նա հայտարարեց, որ պատրաստ է կրել ցանկացած պատիժ։
Վերջին խոսքում Վազգեն Խաչիկյանը նաեւ շնորհակալություն հայտնեց հարազատներին, ընկերներին եւ դատավարության ընթացքում իր կողքին եղած հարազատ կուսակցության անդամներին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար: Մեղադրողը Վազգեն Խաչիկյանի համար միջնորդել էր 13 տարվա ազատազրկում:




























