Առողջ կենսակերպը հասանելի չէ Արցախի շարքային քաղաքացիների գրպանին: Նման եզրակացության է հանգեցնում քաղաքի մարզասահներում, ֆիթնես ակումբներում, լողավազաններում եւ նմանօրինակ առողջարարական հաստատություններում ստեղծված իրավիճակը:
Ստեփանակերտում այդպիսի հաստատությունները, մեղմ ասած, շատ քիչ են: Արցախի մայրաքաղաքի բնակիչների խոսքով, ընդամենը մեկ մարզահամալիր կա:
Vallex Garden hotel հյուրանոցային համալիրը հագեցած է մարզասրահով, լողավազանով, շոգեբաղնիքով, ֆիթնես ակումբով, մաքուր է եւ հարմարավետ: Այստեղ ամեն ինչ լավ է, բայց գները շատ բարձր են: Մեկ աբոնեմենտն արժե 9900 դրամ:
Պարզաբանման համար: Այդ աբոնեմենտը հնարավորություն է տալիս առավոտյան 08:00-ից մինչեւ 22:30-ը լինել մարզասրահում: Բայց ո՞ւմ է դա պետք: Մեկ ամսվա աբոնեմենտն արժե 49.900 դրամ: Մեկ տարվա համար աբոնեմենտ վերցնելու եւս երկու տարբերակ կա (մեկանգամյա եւ ամենամսյա վճարով), որի արժեքը 349.000 դրամ է: Համեմատության համար նշենք, որ երեւանյան մարզասրահում մեկ ամիս մարզվելը սկսում է 12-15.000 դրամից:
Իհարկե, հյուրանոցների մարզասրահների թանկ լինելը հասկանալի է: Բայց անկախ պետության մայրաքաղաքում մեկ մարզասրահով սահմանափակվելն այնքան էլ ճիշտ չէ: Հուսանք, որ շուտով Ստեփանակերտում լրացուցիչ մարզասրահներ եւ մարզական ակումբներ կհայտնվեն, որոնք գնային առումով ավելի հասանելի կլինեն:


























