Նախօրեին՝ հուլիսի 5-ին կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Լեհաստանի նորընտիր նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հեռախոսազրույցը՝ Լեհաստանում ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո:

Հեռախոսազրույցի ընթացքում Օբաման նորընտիր նախագահին հրավիրել է ԱՄՆ, հաղորդում է Associated Press-ը:

Սպիտակ տան ղեկավարը նաեւ շնորհակալություն է հայտնել լեհերին՝ Աֆղանստանում զինվորական գործողությանն աջակցելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Բրոնիսլավ Կոմորովսկին ընտրություններում ստացել էր ձայների 53,01 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ Յարոսլավ Կաչինսկին՝ 46,99 տոկոսը: Լեխ Կաչինսկու ողբերգական մահվանից հետո՝ 2010թ. ապրիլին Կոմորովսկին, որպես լեհական Սեյմի նախագահ, ի պաշտոնե դարձավ Լեհաստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը: Արտահերթ ընտրությունների առաջին փուլը կայացավ հունիսի 20-ին, սակայն թեկնածուներից ոչ ոք չկարողացավ հաղթահարել 50 տոկոսանոց շեմը: