Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչի վարույթում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում 2014 թվականի դեկտեմբերի 3-ին երկու վկաների միջեւ տեղի է ունեցել առերես հարցաքննություն, որի ավարտից հետո քննիչն առերես հարցաքննության արձանագրությունը ներկայացրել է ստորագրման։ Վկաներից մեկը՝ Սուսաննա Դավթյանը, առանց որեւէ պատճառաբանության, հրաժարվել է այն ստորագրելուց, դրսեւորելով ոչ հավասարակշռված վարքագիծ՝ գոռգոռացել է, պատռել առերես հարցաքննության արձանագրությունը եւ դուրս եկել աշխատասենյակից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն։




























