«Նաիրիտ» գործարանի հինգ աշխատակիցներին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, նախագահական նստավայրում ընդունած նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը խոստացել է, որ մինչեւ դեկտեմբերի 15-ը կվճարվի աշխատողների մեկ ամսվա աշխատավարձը:
«Մեզ ասացին, որ «Նաիրիտի» աշխատակիցների ամբողջ աշխատավարձը կտան այն ժամանակ, երբ գործարանը պետական ճանաչվի: Իսկ թե դա երբ է լինելու, կոնկրետ ժամկետ չեն ասել մեզ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը:
Հրաչ Թադեւոսյանի խոսքով՝ Վիգեն Սարգսյանը նշել է նաեւ, որ աշխատանքային պայմանագրերի խզման ծանուցագրերը նաիրիտցիները շարունակելու են ստանալ, քանի որ չաշխատող գործարանում այդքան աշխատակից պահելն անիմաստ է:
«Վիգեն Սարգսյանը ասաց՝ քանի որ գործարանը չի աշխատում, աշխատակիցները շարունակելու են ծանուցագրերը ստանալ, քանի որ սարքավորումներ չկան, արտադրական մաս չկա, եւ անիմաստ է այդքան աշխատող պահել: Չաշխատող գործարանում մենք 5 տարի չենք կարող այդքան մարդկանց պահենք եւ վճարենք»,- ասաց Հրաչ Թադեւոսյանը՝ ավելացնելով, որ վերջինս նշել է, որ դա չի հակասում աշխատանքային օրենսգրքին:
Նաիրիտցիներն այժմ քննարկում են իրենց առաջիկա անելիքները։
Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները առավոտյան հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելու իրենց աշխատավարձերի վճարում եւ աշխատանքային պայմանագրերի դադարեցման մասին ստացվող ծանուցագրերի կասեցում:




























