NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Strategic Europe»-ի գլխավոր խմբագիր, Քարնեգիի եվրոպական կենտրոնի ավագ գիտաշխատող Ջուդի Ջեմթսիի՝ կենտրոնի կայքում հրապարակված հոդվածը:

Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը հրաժարվում է 50 մլրդ դոլար արժողությամբ գազատարի շինարարության ծրագրերից, մարտահրավեր է նետում Եվրամիությանը եւ նրա անդամ բոլոր 28 պետություններին: Եթե Պուտինը հետեւի «Հարավային հոսք»-ի նախագիծը չեղյալ հայտարարելու իր քաղաքականությանը, որի արդյունքում Ռուսաստանից գազ կմատակարարվեի Հարավ-արեւելյան Եվրոպային, ապա այդ քայլը կարող է վճռորոշ լինել Եվրամիության էներգետիկ ռազմավարության համար, եթե ԵՄ-ն օգտվի այդ հնարավորությունից:

Մի կողմից, «Հարավային հոսք»-ի կործանումը կարող է արագացնել Եվրոպայի էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիան: Դա կարող է նաեւ նպաստել էներգետիկ հատվածի թափանցիկությանը: Եվ կարող է համոզել ԵՄ այն երկրներին, որոնք դեռեւս չեն վավերացրել Եվրոպայի էներգետիկ շուկայում մրցակցության ստեղծման համար նախատեսված ԵՄ երրորդ էներգետիկ փաթեթը: «Հարավային հոսք»-ը խանգարում էր այդ ամենին:

Հենց սկզբից «Հարավային հոսք»-ը հիմնված էր քաղաքականության, այլ ոչ թե էներգետիկ հիմնավորումների վրա: Մի քանի տարի առաջ ռուսական էներգետիկ հսկա «Գազպրոմ»-ի կողմից հիմնադրված «Հարավային հոսք»-ը կոնսորցիում հավաքեց, որում ընդգրկված էին Ավստրիայի, Իտալիայի, Հունգարիայի եւ Բուլղարիայի էներգետիկ խոշոր ընկերությունները:

Միավորող խողովակաշարերի կառուցումն ու դիվերսիֆիկացիան կթուլացնի էներգետիկ հատվածում «Գազպրոմ»-ի ներկա վերահսկողությունը շատ երկրներում, որոնք աջակում էին «Հարավային հոսք» նախագիծը: էներգետիկ դիվերսիֆիկացիան նաեւ կարող է ազդել գների, պայմանագրերի եւ գնման գործընթացի թափանցիկության վրա: Այդ թափանցիկությունը սարսափելի պակասում է հատկապես Բուլղարիային եւ Սերբիային:

Պուտինը «Հարավային հոսք»-ի կործանման ամբողջ մեղքը բարդեց Եվրամիության վրա: Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ Պուտինը կարիք ունի յուրաքանչյուր եվրոյի, որը կարող է վաստակել Եվրամիության երկրներում գազի վաճառքից, Եվրոպայից «Գազպրոմ»-ի հեռանալու գաղափարը զարմանալի է: