ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը  Հայոց ցեղասպանության հուշահամալիր խիստ անհանգստացրել է  թուրք քաղաքական գործիչներին։ 

Քլինթոնի այցը Ծիծեռնակաբերդ թուրքական լրատվամիջոցները ներկայացնում են որպես շոկային։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Արդարություն եւ զարգացում»  կուսակցության անդամ  Մեհմեդ Ջեյլանը այս առիթով նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների սառեցված վիճակի պայմաններում իրենք սպասում են դաշնակիցներից գործընթացին աջակցող քայլեր, ոչ թե՝ վնասող։ «Հիլարի Քլինթոնի այցը, իհարկե, այս համատեքստում չենք ընդունում։ Այդ այցը մեզ տխրեցրեց»,- նշել է Մեհմեդ Ջեյլանը։

Թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունից Դենիզ Բոլուքբաշը Քլինթոնի՝ Ցեղասպանության հուշահամալիր այցը կապել է թուրքական իշխանությունների սխալ քաղաքականության հետ՝ նշելով, որ դա պատասխանն էր Էրդողանի կուսակցության կողմից հայ-թուրքական արձանագրությունների տապալմանը։

Իսկ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Շուքրու Էլեքդաղը հիշեցրել է, որ ամերիկացի կոնգրեսականների կողմից Ցեղասպանության հուշահամալիր իրականացվել էին այցեր, սակայն նախարարի մակարդակով սա առաջին դեպքն էր։ «Հատկապես Իրանի հարցում Թուրքիայի որդեգրած քաղաքականության հետեւանքով այսուհետ Ցեղասպանության ճանաչման ընդունումը արգելակելը բավականին դժվար կլինի»,- կարծիք էր հայտնել Շուքրու Էլեքդաղը։