Իսպանիայում ազատել են բասկերի ETA խմբավորման մարտական թեւի նախկին պարագլուխ Սանտյագո Արոսպիդե Սարասոլային, որն ավելի վաղ 3 հազար տարվա ազատազրկման էր դատապարտվել:

Իսպանիայի դատական պալատը որոշել է Սարասոլային ազատել ԵՄ նորմերի հիման վրա՝ գումարելով ԵՄ անդամ երկրներում պատիժ կրելու ժամկետները, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով El Pais-ը:

Սարասոլան, ով հայտնի էր «Սանտի Պոնտրոս» մականվամբ, մեկն էր Մադրիդում եւ Բարսելոնայում  1986-87թթ. ահաբեկչությունների կազմակերպիչներից: Նա 10 տարի պատիժ է կրել Ֆրանսիայում, 2000թ. նրան արտահանձնել էին Իսպանիա, որտեղ 3 հազար տարվա ազատազրկման էր դատապարտվել: Ընդհանուր առմամբ նա բանտում մնացել է 27 տարի:

Սարասոլայի հետ ETA-ի եւս մեկ անդամ՝ Ալբերտո Պլասաոլան է ազատվել, որը 46 տարվա ազատազրկման էր դատապարտվել:

Առաջիկայում բանտից կարող են դուրս գալ նաեւ ETA-ի ակտիվիստներ Ֆրանսիսկո Մուխիկի Գարմենդիան եւ Ռաֆայել Կարիդեն: