Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում թունավորման հետեւանքով այժմ հիվանդանոցում բուժում է ստանում 4 հոգի: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ օրերիս երկու երեխա է ընդունվել իրենց մոտ: Նրանք գտնվել են տանը, լավ չէին զգում, մտածում էին՝ կանցնի, բայց չանցավ, այդ պատճառով ապահովության համար դիմեցին հիվանդանոց:

Եւս երկու երեխա էլ շարունակում է բուժում ստանալ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում: Հիվանդանոցի տնօրեն Արմեն Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նրանց մոտ առկա է թոքային պաթոլոգիա, գուցե դա կապված է թունավորման հետ, հնարավոր է երեխաների դիմադրողականությունը ընկել է եւ հիվանդացել են: Նրանց վիճակը նորմալ է, որոշ ժամանակ ապաքինվելուց հետո դուրս կգրվեն:

Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան։ Եղվարդի հիվանդանոց էր մեկնել ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։ Ծանր վիճակում գտնվող երեխաները տեղափոխվել էին Երեւան՝ «Նորք» ինֆեկցիոն եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներ։ Երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը: