Միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի ադրբեջանական ղեկավարության փորձերը՝ հարմարեցնելու միջազգային իրավունքը սեփական ռասիստական գաղափարախոսությանը: Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բազելում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նստաշրջանին ունեցած ելույթում:

«Ունենալով կոռուպցիայի հարուստ ներքին փորձ՝ Բաքուն փորձում է տեղափոխել այն միջպետական հարաբերությունների հարթակ՝ օգտագործելով այն իբրեւ գործիք՝ հակամարտությունների կարգավորման, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ իր թյուրըմբռնումները ուրիշներին պարտադրելու նպատակով: Միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի Ադրբեջանի՝ օրենքի գերակայությունը նավթի գերակայութամբ փոխարինելու փորձերը»,- նշել է Նալբանդյանը:

Նրա խոսքով, օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին համանախագահ երկրները՝ նախ Ռուսաստանի նախագահը` Սոչիում, այնուհետեւ ԱՄՆ պետքարտուղարը` Նյուպորտում, եւ Ֆրանսիայի նախագահը` Փարիզում, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ կազմակերպեցին գագաթաժողովներ՝ լարվածությունը նվազեցնելու եւ իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով:

Փարիզի հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանի ղեկավարությունը հակահայ սադրիչ հռետորաբանության նոր ալիք բարձրացրեց, եւ այդ երկրի պաշտպանության նախարարը կրկին հայտարարեց, որ իր երկիրը Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծի ռազմական ճանապարհով:

«Նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը, որը խլեց երեք երիտասարդ զինծառայողների կյանք, Բաքվի վերջին հանցավոր սադրանքն էր: Ադրբեջանի բանակը գրեթե տասն օր շարունակ ուղղաթիռի ընկնելու վայրը պահում էր ինտենսիվ կրակահերթի տակ՝ թույլ չտալով փրկարար խմբերին, ԵԱՀԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, մոտենալ այդ վայրին եւ տարհանել անձնակազմի զոհված անդամների մարմինները, ինչը Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտման եւս մեկ դրսեւորում էր:

Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը, ինչը եւս մեկ անգամ արտահայտվեց խոցված ուղղաթիռի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանն իր արձագանքում: Ադրբեջանը ակնհայտորեն կորցնում է իրականության զգացումը, եւ օրեցօր խորանում է այդ երկրի եւ քաղաքակիրթ աշխարհի միջեւ անդունդը»,- նշել է ԱԳ նախարարը:

Նա ասել է, թե տարածաշրջանում տեւական խաղաղության, կայունության եւ անվտանգության հասնելու համար Հայաստանը շարունակելու է առավելագույն ջանքեր ներդնել՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով եւ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ Մինսկի խմբի եռանախագահ երկրների նախագահների` լ’Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում եւ Էնիսկիլենում ընդունած հայտարարություններում ամրագրված նպատակների, սկզբունքների ու նորմերի հիման վրա: