ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովը հաստատել է Ռոբերտ Սեկուտայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով «Ամերիկայի ձայնը»:
Ըստ աղբյուրի՝ Ռոբերտ Սեկուտան դիվանագիտական հարուստ փորձ ունի, նախկինում եղել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ էներգետիկայի հարցերով:
Նրա վերջին արտասահմանյան նշանակումները ներառում են Տոկիոն (2007-2009թթ.) եւ Բեռլինը (2003-2007 թթ.), որտեղ Սեկուտան ղեկավարում էր ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցչությունը տնտեսական համագործակցության բոլոր սպեկտրներում:
Սեկուտան աշխատել է նաեւ ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցչության վարչությունում (1999-2000թթ.): Նա ԱՄՆ-ի Պետդեպում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ տնտեսական քաղաքականության եւ հանրային դիվանագիտության վերլուծության տնօրենի, կենսատեխնոլոգիաների գծով հատուկ բանակցողի եւ իրաքյան տնտեսական նպատակային խմբի տնօրենի պաշտոնները:
Սեկուտան Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ է եւ Գլոբալ մենեջմենթի դպրոցի եւ Ազգային զինվորական քոլեջի մագիստրոսի աստիճան ունի:




























