Երեւան-Գյումրի ավտոճանապարհին այս տարվա մարտի 11-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ամիսներ առաջ քրգործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, սակայն առ այսօր որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռիփսիմե Սեւոյանը, որի ամուսինը՝ 27-ամյա Արամայիս Քանանյանը, եւ մայրը՝ 54-ամյա Սիլվա Գեւորգյանը, մահացել են այդ վթարի հետեւանքով, պատմեց, որ նախաքննական մարմինն անընդհատ փորձաքննություններ է նշանակում, իսկ ամուսնու մեքենային հարվածած մյուս մեքենայի վարորդը՝ Գուրգեն Համբարձումյանը, ընդամենը վկայի կարգավիճակում է:
«Դեպքից անցել է 9 ամիս, սակայն մինչ օրս դեպքի մեղավոր անձ Գուրգեն Համբարձումյանին մեղադրանք չի առաջադրվել: Գուրգեն Համբարձումյանն էլ, օգտվելով այն հանգամանքից, որ վկայի կարգավիճակում է, շարունակ միտումնավոր նախաքննությունը ձգձգում է եւ փորձում քննությունը փակուղի մտցնել: Իր ցուցմունքներում նա վթարի մեխանիզմի վերաբերյալ ամեն անգամ նոր հանգամանքներ է մատնանշում, իսկ նախաքննական մարմինները կուրորեն հավատում են նրա տված երկու տարբեր ցուցմունքներին եւ շարունակում ստուգել նրա տված սուտ տեղեկությունները` նշանակելով նոր փորձաքննություն, մինչդեռ առաջին փորձաքննության եզրակացությունը ապացուցել է, որ Գուրգեն Համբարձումյանը սխալ ցուցմունք է տվել»,- ասաց Ռիփսիմե Սեւոյանը:
Նա պատմեց, որ դեպքի օրը Գուրգեն Համբարձումյանն իր վարած «Ֆոլկսվագեն Ջետտա» մակնիշի մեքենայով դուրս է եկել իր երթեւեկելի գոտուց, մտել հանդիպակած երթեւեկելի գոտի եւ թեքությամբ հարվածել իր երթեւեկելի գոտով դեպի Երեւան ընթացող Արամայիս Քանանյանի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենային: Նշենք, որ վթարի հետեւանքով ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել նաեւ նույն մեքենայի 57-ամյա ուղեւորուհի Ռուզաննա Ղազարյանը: Ռիփսիմեի խոսքով՝ նա դեռեւս վերջնականապես չի ապաքինվել:
«Երկրորդ երեխաս նոր էր ծնվել, երբ Արամայիսի հետ այս դեպքը պատահեց: Ամուսնուս հայրն ազատամարտիկ է, եւ մեր ամբողջ բազմանդամ ընտանիքն Արամայիսն էր պահում»,- ավելացրեց Ռիփսիմեն:
Նշենք, որ վթարը տեղի էր ունեցել 2014թ. մարտի 11-ին ժամը 16:23-ին Թալին-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` «Նարեկ» ռեստորանային համալիրի մոտ:




























