ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեկտեմբերի 4-ին մահացու վիրավորում ստացած գյումրեցի 19-ամյա Արթուր Մարգարյանը, որը նախնական վարկածով ինքնասպանություն է գործել, վերջին անգամ դեպքից մի քանի ժամ առաջ էր խոսել մոր հետ։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մահացած զինվորի հարազատները պատմեցին, որ սովորական խոսակցություն է եղել, մայրը որդու ձայնի մեջ անհանգստություն չի նկատել։
«Ի՞նչ է զինվորը մոր հետ խոսում, այդ տեսակի զրույց է եղել, երեկոյան արդեն զինկոմից զանգեցին, ասացին՝ Արթուրը վիրավորվել է։ Արթուրի եղբայրն էլ մոր մոտ բացեց ինտերնետը, կարդացին, որ ոչ թե վիրավորվել, այլ մահացել է»,- պատմեց հարազատներից մեկը, որը խնդրեց անունը չհրապարակել;
Արթուրի բարեկամները չեն հավատում ինքնասպանության վարկածին, քանի որ նրանց խոսքով՝ Արթուրն ուժեղ կամք ուներ եւ գերազանց վարք։
«Արթուրը եղբոր հետ միշտ կապի մեջ է եղել, Անդրանիկը նրան միշտ ներկայացրել է բանակային կյանքը, Արթուրն էլ եղբոր փորձով միշտ հպարտացել է, չէր կարող բանակի մասին էդքան բան իմացողն ինքնասպան լինել»-ավելացրեց բարեկամը։
ՀՀ Քննչական կոմիտեից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ դիակի դատաբժշկական փորձաքննությանը մասնակցել են նաեւ Արթուրի հարազատները, մահացածի վրա հայտնաբերվել է միայն կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք։
Նշենք, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը։




























